ԵՄ-ն կարող է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների դեմ․ Financial Times

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել Բրյուսելի կողմից անհապաղ պատասխան քայլեր ձեռնարկել, եթե եվրոպական ընկերությունները տուժեն ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներից. այս մասին տեղեկացրել է Financial Times-ը՝ հղում կատարելով հուլիսի 26-ին Եվրահանձնաժողովի նիստի համար նախատեսված փաստաթղթին:

Այնտեղ նշվում է, որ Բրյուսելը «պետք է պատրաստ լինի գործել առաջիկա մի քանի օրերի ընթացքում», եթե ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի՝ «առանց Եվրամիության անհանգստությունները հաշվի առնելու»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից «հրապարակային կամ գրավոր հավաստիացում» ստանալ, որ Վաշինգտոնը չի սահմանի այնպիսի պատժամիջոցներ, որոնք կվնասեն ԵՄ-ի շահերին:

Փաստաթղթի համաձայն՝ Բրյուսելի կողմից առաջարկվող մյուս ենթադրյալ քայլերն են «եվրոպական իրավունքի օգտագործումը՝ ԱՄՆ-ի քայլերը Եվրոպայում չճանաչելու և չիրականացնելու նպատակով», ինչպես նաև «Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համատեղ պատասխան միջոցառումների» պատրաստումը:

Ինչպես նշում է թերթը, այս քայլերն արտացոլում են Բրյուսելի այն մտահոգությունը, թե Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները «կարող են հարված հասցնել Ռուսաստանի հետ կապված ծրագրերին, ինչպես օրինակ՝ «Հյուսիսային հոսք-2»-ին մասնակցող եվրոպական էներգետիկ ընկերություններին»: Եվրամիության իշխանությունները պատրաստվում են ապացուցել, որ ամերիկյան պատժամիջոցների պոտենցիալ հետևանքը Եվրոպայի համար չի սահմանափակվի մեկ ծրագրի խափանմամբ. հարվածի տակ կարող են դրվել Ռուսաստանում եղած գազատար խողովակների շահագործումը և արդիականացումը, որոնցով վառելիք է մատակարարվում Ուկրաինային, ինչպես նաև Կասպյան տարածաշրջանում խողովակաշարերի կառուցման և Եգիպտոսի ափերին գտնվող գազի հանքվայրերի յուրացման ծրագրերը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև այն երկրների վրա, որոնք ԵՄ-ի պատժամիջոցների ազդեցության տակ օրինական հիմունքներով համագործակցում են ռուսական կողմի հետ երկաթուղային, ֆինանսական, նավաշինական և լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.