Թրամփը մեղադրել է WP-ին ԿՀՎ-ի կողմից սիրիական ընդդիմության աջակցության ծրագրի դադարեցման մասին կեղծ լուրեր տարածելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ The Washington Post թերթը կեղծ նորություններ է հրապարակել Կենտրոնական հետախուզական վարչության կողմից սիրիական չափավոր ընդդիմությանը տրամադրվող օգնության ծրագրի կասեցման մասին. նախագահն այսպիսի հայտարարություն է արել թվիթերյան իր էջում:

«The Washington Post-ը շինծու փաստեր է հրապարակել Ասադի վարչակարգի դեմ պայքարող սիրիական ապստամբներին տրվող իմ մեծ, վտանգավոր և շռայլ փոխանցումների մասին: The Washington Post-ում եղած ինձ վերաբերող բոլոր նյութերը կեղծ են: Դրանք նույնքան ահավոր են, որքան CNN-ի վարկանիշները»,- ասել է Թրամփը:

Նշենք, որ հուլիսի 19-ին The Washington Post-ը, հղում կատարելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել ԿՀՎ-ի կողմից սիրիական, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը տրամադրվող աջակցության ծրագիրը:

Թերթի տվյալների համաձայն՝ Թրամփն այդ որոշումն ընդունել է ԿՀՎ-ի պետ Մայքլ Պոմպեոյի և ազգային անվտանգության հարցերով օգնական գեներալ Հերբերտ Մաքմասթերի հետ հանդիպումից հետո՝ G20-ի գաղաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների նախօրեին:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԿՀՎ-ի կողմից ընդդիմադիր ջոկատների աջակցության ծրագիրը, որը մեկնարկել է 2013 թ., Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու Բարաք Օբամայի քաղաքականության հիմքն էր: Ընդ որում, թերթի փոխանցմամբ՝ «անգամ դրա կողմնակիցները սկսեցին կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը, երբ մեկ տարի առաջ Ռուսաստանը զորքեր ուղարկեց Սիրիա»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.