ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Իսրայելին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում շարունակվող լարվածության վերաբերյալ, որտեղ վերջին օրերին մի քանի իսրայելցիներ և պաղեստինցիներ են զոհվել: Գրավոր հայտարարության մեջ կազմակերպության ղեկավարը կողմերին կոչ է արել խուսափել սադրանքներից՝ Իսրայելին առանձնահատուկ հորդորելով զսպվածություն դրսևորել ստեղծված իրավիճակում:

«Ես հատկապես անհանգստացած եմ բռնության բարձրացման պոտենցիալ ռիսկով և հորդորում եմ բոլոր քաղաքական, կրոնական և հասարակական առաջնորդներին զերծ մնալ սադրող գործողություներից և հայտարարություններից, ինչպես նաև Իսրայելին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել»,- նշել է Գուտերեշը:

Երուսաղեմում իրավիճակը կտրուկ փոխվել է հուլիսի 14-ին, երբ երեք զինված պաղեստինցիներ սպանել էին երկու իսրայելցի զինվորականների Տաճարի լեռան վրա, որտեղ գտնվում են հրեական և մուսուլմանական սրբավայրերը: Այս միջադեպից հետո Իսրայելի իշխանություններն անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկել տաճարի Ալ-Աքսա թաղամասում՝ մետաղական դետեկտորներ և տեսահսկման սարքեր տեղադրելով: Դրան հաջորդեցին պաղեստինցիների և իսրայելցի իրավապահների զանգվածային բախումները՝ հանգեցնելով մարդկային զոհերի:

Գրավոր հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Տաճարի լեռան՝ մինչև հուլիսի 14-ը գոյություն ունեցող կարգավիճակի «լիակատար պահպանման» կարևությունը: Նա ողջունել է Իսրայելի և Երուսաղեմի մուսուլմանական սրբավայրերի պահապան համարվող Հորդանանի միջև բանակցությունները և կոչ արել ապահովել Տաճարի լեռան հավատացյալների և այցելուների անվտանգությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.