ԱՄՆ-ի Սենատն ընդունել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսայի Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հայտնի է, որ օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 98, իսկ դեմ՝ ընդամենը երկու սենատոր: Այժմ հաստատման համար օրենքը կուղարկվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որն իրավունք ունի արգելք դնել դրա վրա:

Ընդ որում, դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք Թրամփը պատրաստվում է ստորագրել փաստաթուղթը: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունում հրաժարվել են պատասխանել այդ հացին: «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ նախագահի կողմից փաստաթղթի ստորագրումը կարող է մի քանի օր պահանջել:

Սենատի և Ներկայացուցիչների պալատի քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ օրինագիծը մեծ աջակցության է արժանացել թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների կողմից, ինչը նշանակում է, որ օրենսդիրները կարող են հաղթահարել Թրամփի հավանական վետոն:

Ավելի վաղ «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրին, տեղեկացրել էր Թրամփի կողմից նոր փաթեթին հավանություն տալու դեպքում Մոսկվայի հավանական քայլերի մասին: Ենթադրաբար այդ քայլերից կլինի ամերիկացի դիվանագետների արտաքսումը և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության անդամների կրճատումը:

Պարբերականում նշվում է նաև անհամաչափ պատասխանի հավանականության մասին: Օրինակ՝ Ռուսաստանը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Վաշինգտոնի համար այնպիսի հույժ կարևոր հարցերում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեայի դեմ ճնշող միջոցների ուժեղացումը:

Այդուհանդերձ, Կրեմլում դեռ վաղ են համարել Մոսկվայի հնարավոր արձագանքի մասին խոսելը: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ անհրաժեշտ է սպասել օրինագծի հաստատմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանումը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.