Սենատը դեմ է քվեարկել Obamacare-ի չեղարկմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատին չի հաջողվել որոշում կայացնել Բարաք Օբամայի վարչակազմի կողմից մշակված բժշկական ապահովագրության ծրագրի հիմնական կետերը չեղարկելու վերաբերյալ: Obamacare ոչ պաշտոնական անվանումն ստացած ծրագրի չեղարկման օգտին է քվեարկել 49, իսկ դեմ՝ 51 սենատոր։

Ձայները բաժանվել են ըստ կուսակցական պատկանելության. հանրապետականները կողմ են քվեարկել, դեմոկրատնրեը՝ դեմ: Փաստաթղթի ճակատագիրը վճռվել է երեք հանրապետական սենատորների կողմից, որոնք միացել են դեմոկրատ գործընկերներին:

Դիտորդները նշում են, որ քվեարկության ձախողումն ուժեղ հարված է ԱՄՆ-ի նախագահ Դոլադ Թրամփի դիրքերին, քանի որ Obamacare-ի չեղարկումը նրա նախընտրական ծրագրի հիմնական կետերից էր: Փորձագետներն այժմ կասկածում են, որ Կոնգրեսը կկարողանա որևիցե նոր փաստաթուղթ ընդունել՝ Obamacare ծրագրի փոխարեն:

Ավելի վաղ Սենատում Obamacare-ի հակառակորդները չէին կարողացել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել, որպեսզի հավանության արժանացնեին Հանրապետական կուսակցության կողմից առաջարկված բժշկական ապահովագրության օրինագիծը: Այժմ նրանք փորձում էին ընդունել նոր, կրճատված մի փաստաթուղթ, որը նախատեսում էր Obamacare-ի հիմնական կետերի չեղարկումը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված բժշկական ապահովագրության համակարգի բարեփոխումը նախատեսում էր քաղաքացիների պարտադիր բժշկական ապահովագրություն, անապահով քաղաքացիների օգնության Medicaid դաշնային ծրագրի ընդլայնում, ինչպես նաև տուգանքների սահմանում այն քաղաքացիների համար, որոնք հրաժարվում են բժշկական ապահովագրություն գնելուց, և իրենց աշխատողներին ապահովագրելուց հրաժարվող խոշոր գործատուների համար:

Չնայած Օբամայի հավաստիացումներին, որ բարեփոխումը կհանգեցնի ապահովագրական վճարների աճի դադրարեցմանը, բոլորովին հակառակ իրավիճակն է ստեղծվել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.