Բարսելոնայում գնացքի վթարի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ է

Բարսելոնայի «Փարիզյան» երկաթուղային կայարանում քաղաքային գնացքի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 54-ի. հայտարարել է քաղաքապետ Ադա Կոլաուն:

Ավելի վաղ տեղեկացվել էր 48 վիրավորների մասին: «Տուժածների վերջնական թիվը 54-ն է, նրանց մեծ մասի վիճակը ոչ ծանր է: Դա շատ լուրջ վթար էր, և բարեբախտաբար լուրջ վնասվածքներ ունեցող միայն մեկ ուղևոր կա»,- դեպքի վայր ժամանած քաղաքապետի խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն:

Կոլաուն նաև արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հրշեջներին, ոստիկանների և բժիշկներին, որոնք «արագորեն ժամանել են դեպքի վայր և կենտրոնացրել ուժերը տուժածներին օգնություն ցույց տալու և իրավիճակը վերահսկելու համար»:

Ւնչպես նշում է Ռիա Նովոստի-ն, 19 մարդու՝ այդ թվում և գնացքի վարորդի վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության, մյուս ուղևորները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:

Տարագոնա շրջանի Սենտ Վիսենս դե Կալդերս կայարանից դուրս եկած քաղաքային գնացքը բախվել է արգելապատնեշին: Նախնական վարկածի համաձայն՝ վարորդը չի կարողացել ժամանակին արգելակել: Սակայն Renfe երկաթուղային ընկերությունում դեռ չեն մեկնաբանել միջադեպի պատճառները՝ հայտարարելով, որ առաջնայինը մարդկանց օգնություն ցույց տալն է:

Դեպքի վայրը շրջափակված է, սակայն կայարանը շարունակում է աշխատել իր բնականոն ռեժիմով:  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.