ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների ծրագիրը հակասում է միջազգային իրավունքին․ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտա Ցիպրիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են ազդել նաև եվրոպական ընկերությունների վրա, որոնք էներգետիկ ոլորտում համագործակցում են ռուսական կազմակերպությունների հետ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները կարող են դեմ գնալ միջազգային իրավունքին։ Այս մասին նախարարը խոսել է գերմանական Funke թերթին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ սա պարզապես միջազգային իրավունքի խախտում է։ Միացյալ Նահանգները չի կարող սահմանափակել գերմանական ընկերությունների գործունեությունը, որոնք համագործացում են այլ պետությունների հետ», - ասել է Ցիպրիսը։ Նրա խոսքով՝ Եվրոպան չի ցանկանում առևտրի ոլորտում պատերազմել ԱՄՆ-ի հետ, հենց այս պատճառով էլ ԵՄ-ն միշտ փորձել է պատժամիջոցների քաղաքականության հարցում համաձայնեցնել իր գործունեությունն ԱՄՆ-ի հետ։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ  իրենք հակադարձ քայլերի են պատրաստվում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը մի օրինագիծ էր ընդունել, որով խստացվում էր Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Սպիտակ տունը նշել էր, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հավանության արժանացնել օրինագիծը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, եվրոպացիներին անհանգստացնում է «Հյուսիսայի հոսք 2» գազատարի մասին փաստաթղթում առկա կետը, որտեղ նշված է, որ ԱՄՆ-ի կառավարությունն «ամեն ինչ անելու է գազատարի կառուցման աշխատանքները կասեցնելու համար»։

Հատկանշական է, որ ավելի վաղ անցկացված սոցհարցման ժամանակ գերմանացների 83%-ը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կիրառմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.