WikiLeaks-ը հրապարակել է Մակրոնի նախընտրական շտաբի տասնյակ հազարավոր նամակներ

WikiLeaks կայքը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի ավելի քան 21 հազար նամակներ. տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Հրապարակված նամակներն ուղարկվել են 2009 թ. մարտից 2017 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության փոխանցմամբ՝ կայքի տրամադրության տակ ավելի շատ նյութեր կան, սակայն դեռևս մշակվել և համակարգվել են միայն այդ նամակները:

«Ընդհանուր առմամբ մենք առաջարկում ենք 78,1 հազար նամակներից կազմված արխիվ, որը ներառում է մոտ 26,5 հազար ներդիրներ հինգ հազար հասցեագրողներից»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Մակրոնը և Մարին Լը Պենը դուրս եկան նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Դրանից մեկ օր առաջ WikiLeaks-ը տեղեկացրել էր նախագահի թեկնածուի էլեկտրոնային նամակների խոշոր արտահոսքի մասին: Մակրոնի թիմը դատապարտել էր հաքերային հարձակումները և հայտարարել, որ իրական նամակների հետ հրապարակվել են նաև կեղծ փաստաթղթեր:

Չնայած այդ սկանդալին՝ մայիսի 14-ին Մակրոնը հաղթանակ տարավ ընտրություններում՝ ստանալով ընտրողների 66,6%-ի ձայները:

Նշենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը դեռևս ձմռանն էր տեղեկացրել ֆրանսիացի քաղաքական գործչին «վարկաբեկող նամակագրության» մասին: Նրա խոսքով՝ տվյալներն ստացվել են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական նամակագրությունից: Ֆրանսիական Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ հաքերային հարձակումը «զուրկ է եղել որևիցե առանձնահատկություններից և այնքան պարզ է եղել, որ գրեթե յուրաքանչյուրը կկարողանար այն իրականացնել»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.