ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի կարիքն այսօր ավելի շատ է զգացվում, քան երբևէ․ ԱՄՆ փոխնախագահ

ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի կարիքն այսօր ավելի շատ է զգացվում, քան երբևէ։ Այսպիսի կարծիք է հնչեցրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գիտենք, որ վերջին 25 տարվա ընթացքում՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր, ՆԱՏՕ-ի կարիքն այսօր զգացվում է ավելի շատ, քան երբևէ։ Չկա Բալթյան երկրներին սպառնացող ավելի մեծ վտանգ, քան ձեր արևելյան անկանխատեսելի հարևանը (Ռուսաստանը, - խմբ․)», - այս մասին Փենսը խոսել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներ Ռայմոնդս Վեյոնիսի, Դալյա Գրիբաուսկայտեի և Կերստի Կալյուլայդի հետ կայացած բանակցություններից հետո տված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք հույս ունենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվայի կողմից նախաձեռնված վերջին դիվանագիտական քայլերը չեն սահմանափակի ԱՄՆ-ի նվիրվածությունը մեր, մեր դաշնակիցների և ողջ աշխարհում ազատություն սիրող այլ ազգերի անվտանգությանը», - ասել է Փենսը։

«Նախագահ Թրամփն ինձ ուղարկել է այստեղ ձեզ հավաստիացնելու, որ ԱՄՆ-ն կանգնած է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ժողովուրդների կողքին», - ավելացրել է փոխնախագահը։

Նա նաև ողջունել է Բաթյան երկրների՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու  պատաստակամությունը։ «Էստոնիան ՆԱՏՕ-ի անդամ այն հինգ պետություններից է, որոնք պաշտպանական ծախսերի համար հատկացնում են ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը։  Ուրախ եմ՝ իմանալով, որ Լատվիան և Լիտվան կհասնեն այդ ցուցանիշին արդեն 2018 թ․», - եզրափակել է Փենսը։

ԱՄՆ փոխնախագահը երկօրյա այցով Էստոնիա էր ժամանել կիրակի՝ հուլիսի 30-ին։ Փենսի հաջորդ կանգառը կլինի Վրաստանը, իսկ հետո նա կմեկնի Չեռնոգորիա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.