Ավստրիան պատրաստ է պաշտպանել իր շահերը, եթե ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներն ազդեն Եվրոպայի վրա

Ավստրիան պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը՝ ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցները եվրոպական ընկերությունների նկատմամբ կիրառելու դեպքում և մտադիր է համաձայնեցնել իր գործողությունները Եվրահանձնաժողովի հետ. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին հարցերով նախարարությունում:

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնի պաշտոնական ներկայացուցիչ Յուրգեն Շվարցը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում եվրոպական ընկերությունների աշխատանքի վրա: Այս առիթով ավստրիական կառավարությունը հայտնել է, որ անհանգստությամբ է հետևում միակողմանի հակառուսական պատժամիջոցների օգնությամբ սեփական տնտեսական շահերը Եվրոպայում իրականացնելու ԱՄՆ-ի փորձերին՝ միևնույն ժամանակ անընդունելի համարելով ամերիկյան օրենքներն ամբողջ աշխարհում կիրառելու փորձերը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման մեջ ներգրավված խոշորագույն ավստրիական ընկերությունները՝ նավթագազային OMV-ն և պողպատային Voestalpine-ն, հայտնել են, որ ուշադրությամբ հետևում են ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների հետ կապված իրավիճակին և հավատարիմ են մնում Մոսկվայի հետ պայմանավորվածություններին:

Ավստրիայի Էկոնոմիկայի պալատի ղեկավար Քրիստոֆ Լյայթլը նույնպես հանդես է եկել ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների դեմ հայտարարությամբ՝ Եվրամիությանը կոչ անելով չհամակերպվել պատժամիջոցների հետ, քանի որ դրանք բացասաբար կանդրադառնան բոլոր կողմերի  վրա: Նա ընդգծել է, որ ամերիկացիները վաղուց են ցանկանում խարխլել Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունները՝ հետապնդելով սեփական առևտրային, տնտեսական և էներգետիկ շահերը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Կոնգերսի երկու պալատներն ընդունել են Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը: Դրա հաստատման համար պակասում է միայն նախագահ Թրամփի ստորագրությունը: Եվրոպացիներին մտահոգում է, որ դրանց միջոցով ԱՄՆ-ն փորձում է սահմանափակել Ռուսաստանի հետ համագործակցության ուղիները և առաջնային դարձնել ամերիկյան էներգետիկ պաշարների արտահանումը Եվրոպա:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.