Սաակաշվիլին մեղադրել է Պորոշենկոյին իր քաղաքացիության փաստաթղթերը կեղծելու մեջ

Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի վարչակազմը հրապարակել է իր՝ քաղաքացիություն ստանալու կեղծ հայտը. գրում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն քաղաքացիությունից զրկել է Սաակաշվիլիին՝ «քաղաքացիություն ստանալու դիմումը լրացնելիս կեղծ տեղեկություն ներկայացնելու» պատճառով: Ավելի ուշ ԵԽԽՎ-ում Գերագույն ռադայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Արևը հրապարակել էր Սաակաշվիլիի դիմումի պատճենը: Դրանում առկա է «այլ երկրների տարածքում դատավարության կամ հետաքննության մեջ չեմ գտնվում» կետը, որի տակ Սաակաշվիլին  դրել է իր ստորագրությունը:

«Պորոշենկոն հրաման է արձակել՝ հիմնվելով կեղծ փաստաթղթի վրա: Նրանք անձամբ են խոստովանել, որ դա իմ ստորագրությունը չէ, այսինքն՝ նախագահի վարչակազմն է զբաղվել փաստաթղթի կեղծմամբ: Խոսքը ոչ թե իմ, այլ Պորոշենկոյի և նրա մարդկանց հանցագործությունների մասին է»,- «Ուկրաինա 112» հեռուստաալիքի եթերում ասել է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ նա ճիշտ է լրացրել ուկրաինական քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր հարցաթերթերը: «Ցու՛յց տվեք իմ փաստաթղթերը, որտե՞ղ են դրանք: Փաստաթղթերը չկան: Նրանք կեղծել և հրապարակել են այն փաստաթղթերը, որոնցում դրված է իմ կեղծ ստորագրությունը»,- հայտարարել է նա:

Սաակաշվիլին հավելել է, որ կանի ամեն հնարավոր բան՝ «արագորեն Ուկրաինա վերադառնալու համար»:

Նշենք, որ նա Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2007 թ․թ. և 2008-2013 թ․թ., որից հետո հեռացել է երկրից: 2014 թ. նրան մեղադրանք է ներկայացվել 2007 թ. նոյեմբերի խաղաղ ցույցի մասնակիցներին պատժելու, ապօրինաբար «Իմեդի» հեռուստաալիքի շենք ներխուժելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքն անօրինական ձևով սեփականաշնորհելու, պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա զինված հարձակում կազմակերպելու և 2009-2012 թ․թ. պետական միջոցները յուրացնելու համար:

2015 թ. մայիսին Սաահակաշվիլին ստացել էր Ուկրաինայի քաղաքացիություն և ստանձնել Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնը, իսկ 2016 թ. նոյեմբերին հրաժարական էր տվել՝ որոշումը բացատրելով պետական այրերի մասնակցությամբ կաշառակերության դեմ պայքարի անարդյունավետությամբ, որից հետո հիմնադրել է իր կուսակցությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.