«Ինտերֆաքս»-ը տեղեկացրել է Թրամփի կողմից նոր հակառուսական օրինագծի ստորագրման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծը: Դրանց չեղարկման համար անհրաժեշտ է Մոսկվայի կողմից Վաշինգտոնի պայմանների կատարում. այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ Մոսկվայի վերջին քայլերն ապացուցում են, որ նա պատրաստ չէ ընդունել Վաշինգտոնի պահանջները:

Ռիա Նովոստի-ն տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը պարզապես իր համոզմունքն է հայտնել՝ ասելով, որ Թրամփը կստորագրի հակառուսական պատժամիջոցների օրինագիծը:

«Մոսկվայի հանդեպ սահմանափակող միջոցառումների մասին օրինագիծը, որը վերջնականապես կստորագրվի Դոնալդ Թրամփի կողմից, կապացուցի, որ մենք անում ենք այն, ինչ ասում ենք»,- մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Փենսը:

Ավելի ուշ «Ինտերֆաքս»-ը չեղյալ է հայտարարել ամերիկյան առաջնորդի կողմից օրինագծի ստորագրման մասին հրապարակումը՝ ընդգծելով, որ փոխնախագահը պարզապես հայտարարել է այդ իրադարձության մասին: «Նախագահ Թրամփը շատ շուտով կստորագրի հակառուսական պատժամիջոցների խստացման օրինագիծը»,- պաշտոնյայի խոսքերը փոխանցել է գործակալությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագիծը: Ռուսաստանը, չսպասելով ԱՄՆ-ի առաջնորդի կողմից փաստաթղթի ստորագրմանը, պատասխան քայլեր ձեռնարկեց` կրճատելով Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության անդամների թիվը 755-ով և փակելով ԱՄՆ-ի դեսպանատան ամառանոցների հասանելիությունը:

Ինչպես նշում է Լենտա-ն, ամերիկյան նոր օրինագիծը նախատեսում է մի քանի սահմանափակումներ. առաջարկվում է կրճատել պատժամիջոցների տակ գտնվող բանկերի ֆինանսավորման ժամկետը՝ դարձնելով 14 օր, իսկ նավթագազային ընկերություններինը՝ 30 օր: Նաև ենթադրվում է, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների դեմ, որոնք մեկ տարվա ընթացքում հինգ միլիոն դոլարից ավել ներդրումներ կանեն ռուսական արտահանման խողովակաշարերի կառուցման գործում: Բացի այդ, փաստաթղթում առանձին կետով նշվում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը խանգարելու ԱՄՆ-ի ձգտման մասին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.