Քրիստոֆեր Ռեյը՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավար

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատել է Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի պաշտոնում. տեղեկացնում է CNN-ը:

Ռեյի նշանակման օգտին է քվեարկել 92, դեմ՝ երեք սենատոր: Մոտ ժամանակներս կհայտարարվի, թե երբ է տեղի ունենալու վարչության նոր պետի երդմնակալության արարողությունը:

Նշենք, որ Ռեյի թեկնածությունը պաշտոնապես առաջարկվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունիսի 7-ին: Ընդ որում, նախագահը նրան անվանել է «կատարելապես որակավորված» մասնագետ և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում Ռեյը համակարգել է «ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի արդարադատության նախարարության գործունեությունը՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո»: Սպիտակ տան ղեկավարը համոզմունք էր հայտնել, որ Սենատի կողմից նրա թեկնածության հաստատման դեպքում Ռեյը կդառնա «օրենքի անկոտրում պաշտպան»:

Հիշեցնենք, որ Թրամփը ՀԴԲ-ի նախկին պետ Ջեյմս Քոմիին ազատել է աշխատանիքից մայիսի 9-ին՝ ընդգծելով, որ գոհ չի եղել վերջինիս աշխատանքից: Քոմին այդ պաշտոնին էր նշանակվել 2013 թ. ամռանը՝ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք:

Քրիստոֆեր Ռեյն իրավաբանական կրթություն է ստացել Ելի համալսարանում, 2003-2005 թ․թ., զբաղեցրել է արդարադատության նախարարի օգնականի պաշտոնը: Ներկա պահին համագործակցում է King&Spalding իրավաբանական ընկերության հետ: Որպես փաստաբան պաշտպանում է Նյու Ջերսիի նահանգապետ Քրիսա Քրիստիի շահերը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.