ՌԴ պաշտպանության նախարարությունը և սիրիական ընդդիմությունը համաձայնության են եկել ևս մեկ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ

Հուլիսի 31-ին Կահիրեում անցկացված բանակցությունների արդյունքում Ռուսաստանի զինված ուժերի և սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչները համաձայնության են եկել Հոմս քաղաքի հյուսիսում անվտանգության երրորդ գոտի ստեղծելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Օգտոստոսի 3-ին՝ տեղի ժամանակով 12.00-ին, չափավոր ընդդիմության ջոկատները և կառավարական զորամիավորումները դադարեցնում են բոլոր զինատեսակներից արձակվող կրակը»,- ասել է Կոնաշենկովը:

Գեներալն ընդգծել է, որ ինչպես արդեն գործող երկու անվտանգության գոտիներում, «Հոմս» շրջանում նույնպես հրադադարի ռեժիմը չի կիրառվում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբավորումների նկատմամբ:

Կանաշենկովը հավելել է, որ ընդդիմությունն ստանձնել է Հոմս նահանգում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից ահաբեկիչներին միացած ջոկատների դուրսբերման պարտավորությունը: «Հոմս» գոտու մեջ են ներառվել 84 բնակավայրեր՝ 147 հազար բնակչությամբ:

Ինչպես նշում է Լենտա-ն, մայիսի 4-ին Սիրիայում հրադարադի հաստատման երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ստորագրեցին երկրում չորս անվտանգության գոտի ստեղծելու հուշագիր: Համբուրգի գագաթնաժողովում Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքում հայտարարվեց Սիրիայի հարավում ևս անվտանգության գոտի ստեղծելու որոշման մասին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.