ԱՄՆ-ը ցանկանում է ստեղծել տեղային կիրառության փոքրածավալ միջուկային ռումբեր

Միացյալ Նահանգների զինվորական շրջանակները մեծ հույսեր են կապում փոքր ծավալի միջուկային ռումբեր ստեղծելու ծրագրի հետ, որը հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության կարգավորել ռումբի հզորությունը: Ամերիկյան International Business Times պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը լրջորեն դիտարկում է նման ռումբերի կիրառության հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են օգտագործվել ինչպես փոքր թաղամասների, այնպես էլ ամբողջական քաղաքների ոչնչացման համար:

Թեև ամերիկյան օդուժը փոքր տեղայնության գրոհների ժամանակ արդեն հիմա կիրառում է գրավիտացիոն ռումբեր, նույնը, սակայն, չի կարելի ասել միջուկային զենքի մասին: ԱՄՆ ԶՈւ շտաբի պետերի միացյալ խորհրդի փոխնախագահ, գեներալ Փոլ Սելվայի փոխանցմամբ՝ հաջորդ սերնդի սպառազինությունը ներառելու է անհամեմատ փոքր ծավալների միջուկային մարտագլխիկներ, որոնք հնարավորություն կտան կիրառել դրանք ամենօրյա խնդիրների լուծման ընթացքում:

«Փոքր միջուկային ռումբերը հնարավորություն կտան ԱՄՆ-ին համարժեք պատասխան տալ ցանկացած տեսակի միջուկային հարձակմանը», - նշել է գեներալ Սելվան՝ ընդգծելով, որ այժմ խոշորամասշտաբ միջուկային հարվածի դեպքում գրանցվելիք մարդկային կորուստները ԱՄՆ նախագահներին սահմանափակում են իրենց գործողությունների մեջ:

Ամերիկյան գիտնականների դաշնության՝ Միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիսթենսենի տեղեկություններով՝ ԱՄՆ զինված ուժերն այսօր իրենց տրամադրության տակ ունեն շուրջ 1000 միջուկային մարտագլխիկ, որոնք կարող են փոխարկվել փոքրածավալ ռումբերի: Բացի դրանից, չի բացառվում նաև նոր ռումբերի ստեղծումը:

Հատկանշական է, որ հաջորդ սերնդի նման սպառազինության ստեղծումը ԱՄՆ-ից բացի նաև այլ երկրների օրակարգում է: Նման հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանը, որը սպառնում էր նման ռումբեր կիրառել ՆԱՏՕ-ի զորքերի՝ Ղրիմ հնարավոր ներխուժման դեպքում, ինչպես նաև Հյուսիսային Կորեան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.