Հրեաներն ու հայերը փորձում են շահարկել իրենց նկատմամբ կատարված ցեղասպանությունը․ ռուս-լեհական համագործակցության կենտրոնի ղեկավար

Ռուս-լեհական երկխոսության և փոխըմբռնման կենտրոնի տնօրեն Յուրի Բոնդարենկոն ասել է, որ հրեաներն աշխարհի «ցանկացած հարաբերություններում ամենաքաղցր և շահավետ տեղն են զբաղեցնում»։ Ռուսաստանի հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բորուխ Գորինի կարծիքով՝ այդ խոսքերը վիրավորական են։

«Շատ ցավալի է, որ ժողովուրդների միջև կապի հաստատման համար պատասխանատու պետական կառույցի ղեկավարն ասում է, թե հրեաները և հայերը ձգտում են շահարկել իրենց ողբերգությունը։ Այդ հայտարարությունները նվաստացնում են հրեաներին և հայերին իրենց հարևանների աչքում՝ ներկայացնելով նրանց որպես անհոգի հրեշներ»,- Գորինի խոսքերը փոխանցում է «Լեխաիմ» թերթը։

Ինչպես նշում է Լենտա-ն, նա հույս է հայտնել, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ այդպիսի հայտարարությունները երկրում կանխելու համար։

Օգոստոսի 3-ին «Է-Վեստի» մշակութային-քաղաքական ամսագրի կայքը հրապարակել էր Բոնդարենկոյի հետ հարցազրույցը, որում նա խոսել է  Մոսկվայի և Վարշավայի հարաբերությունների մասին։ Նա ասել է, որ լեհերը փորձում են վերաշարադրել պատմությունը՝ Եվրոպայի տարածքում իրենց ճնշված ցույց տալու համար։

«Ցանկացած ողբերգություն կարելի է շահարկել շատ ձեռնտու կերպով, նպաստներ ստանալ Գերմանիայից և ուրիշներից։ Լեհերը փորձում են գրավել բոլոր հարաբերություններում ամենաքաղցր և շահավետ տեղը, որն այժմ հրեաներն են զբաղեցնում»,- ասել է Բոնդարենկոն՝ հավելելով, որ հրեաներին միացել են նաև հայերը։

Հոլոքոստը հրեաների համակարգված բնաջնջման քաղաքականությունն է, որն իրականացվել է  Գերմանայի կառավարության կողմից 1933-1945 թ․թ.։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.