Ավստրալիայի վարչապետը խոստացել է օգնել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ընդհարման դեպքում
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական հակամարտության առաջացման դեպքում իր երկիրը պատրաստ է աջակցել Ամերիկային:
«ԱՄՆ-ն Ավստրալիայից ավելի մոտ դաշնակից չունի»,- ընդգծել է վարչապետը 3AW ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում՝ հիշեցնելով, որ երկրները ԱՆԶՈւՍ-ի (Անվտանգության խաղաղօվկիանոսյան դաշինք՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի ռազմական միություն) անդամներ են:
«Եթե ԱՄՆ-ի տարածքը հարձակման ենթարկվի, ԱՆԶՈւՍ-ի պայմանագիրն ուժի մեջ կմտնի և Ավստրալիան օգնության կհասնի այնպես, ինչպես ԱՄՆ-ն կօգնի մեզ անհրաժեշտության դեպքում»,- պարզաբանել է կառավարության ղեկավարը, որը վերջերս ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էր Կորեական թերակղզում տիրող իրավիճակը:
Թյորնբուլը մանրամասնել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հնարավոր հակամարտությանն Ավստրալիայի մասնակցության ձևը «կախված կլինի հանգամանքներից և դաշնակիցների հետ խորհրդակցությունից»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, երեկ՝ օգոստոսի 10-ին Sky News հեռուսատաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ Հս. Կորեայի նկատմամբ իր երկրի քաղաքականությունը չի փոխվում: Նրա խոսքով՝ Ավստրալիան «կշարունակի հնարավորին չափ դիվանագիտական և տնտեսական ճնշում գործադրել» Փհենյանի վրա: