Շարլոթսվիլլում բազմությանը վրաերթի ենթարկած երիտասարդը ոգեշնչված է եղել նացիստական գաղափարներով

ԱՄՆ-ի Շարլոթսվիլլում բազմության մեջ մխրճված երիտասարդի՝ Ջեյմս Ալեքս Ֆիլդս կրտսերի ուսուցիչը հայտնել է, որ նա միշտ էլ հիացել է նացիզմի գաղափարախոսությամբ և Ադոլֆ Հիտլերով. ուսուցչի խոսքերը փոխանցում է The Washington Post-ը:

«Ֆիլդսը ազգայնամոլական գաղափարներ է ունեցել»,- ասել է նա:

Ինչպես նշում է RT-ն, Ֆիլդս կրտսերն անգամ հետազոտական աշխատանք է գրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների զինված ուժերի մասին:

«Ակնհայտ էր, որ նա տարված է ազգայնամոլությամբ և խոնարհվում էր Ադոլֆ Հիտլերի անձի առջև: Նա հավատարիմ էր սպիտակամորթների գերակայության մասին հայացքներին: Նա իրոք հավատում էր դրան»,- պատմել է ուսուցիչը:

Նշենք, որ օգոստոսի 12-ին Ջեյմս Ալեքս Ֆիլդս կրտսերն իր Chevrolet Camaro մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Շարլոթսվիլլում հավաքվածներին, որոնք բողոքի ցույց էին անցկացնում Կոնֆեդերացիայի բանակի գեներալ Ռոբերտ Լիի արձանի ապամոնտաժման դեմ: Միջադեպի պատճառով մահացել է մի կին, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Արձանի ապամոնտաժմանը դեմ են հանդես եկել աջամետ ծայրահեղական շարժումների կողմնակիցները: Բողոքի ցույցի համար քաղաք են ժամանել հազարավոր ցուցարարներ, ինչպես նաև նրանց հակառակորդները, որոնք փորձել են խանգարել միջոցառմանը:

RT-ի փոխանցմամբ՝ առաջին բողոքի ցույցերն սկսվել են օգոստոսի 11-ին, երբ նացիզմի կողմնակիցները ջահերով երթ էին կազմակերպել: Ցուցարարները ուղևորվել էին դեպի «Ազատության զբոսայգի», որտեղ տեղադրված է արձանը. այստեղ էլ տեղի են ունեցել նրանց և ձախամետների բախումները:

Իրավիճակի սրման հետևանքով՝ քաղաքի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:

Հայտնի է դարձել նաև, որ Շարլոթսվիլլի մոտկայքում ոստիկանական ուղղաթիռ է ընկել, որի հետևանքով երկու ոստիկան է զոհվել: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել անկարգությունները դատապարտող խիստ հայտարարությամբ և միասնության կոչ արել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.