Վենեսուելան ձախողված պետություն է․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կարծում է, որ Վենեսուելան ձախողված պետություն է, որը սպառնում է իր երկրի անվտանգությանը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Փենսն ընդգծել է, որ Վենեսուելայում քաղաքական անկայուն իրավիճակը սպառնում է ողջ Արևմտյան կիսագնդին։ «Նախագահ Թրամփը հստակորեն հասկացրեց, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում մի կողմ քաշվել, երբ Վենեսուելան շարժվում է բռնատիրության ճանապարհով», - ասել է Փենսը։

Վենեսուելայից սպառնացող վտանգների թվում ԱՄՆ փոխնախագահը նշել է նարկոթրաֆիքինգը և անօրինական միգրացիան։

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ պաստրաստվում է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել ի պատասխան Թրամփի՝ վենեսուելական ճգնաժամը կարգավորելու համար ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարության։ Զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 26-27-ին։

Նշենք, որ Թրամփը չէր բացառել, որ վենեսուելական ճգնաժամը կարող է լուծվել ռազմական ճանապարհով։ «Մենք շատ տարբերակներ ունենք Վենեսուելայում ծագած ճգնաժամը հաղթահարելու համար։ Անհրաժեշտության դեպքում կընտրենք նաև ռազմական տարբերակը», - ասել էր Թրամփը։

Արդեն օգոստոսի 12-ին Մադուրոն ցանկություն էր հայտնել հեռախոսազրույց ունենալ Դոնալդ Թրամփի հետ, սակայն վերջինս հրաժարվել էր՝ նշելով, որ կխոսի միայն այն ժամանակ, երբ Բոլիվարյան Հանրապետությունում վերականգնվի ժողովրդավարությունը։

Հիշեցնենք, որ մայիսին նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ առանց նախնական հանրաքվեի Սահմանադրական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշումը հանգեցրեց երկրում հակակառավարական խոշոր բողոքի ցույցերի: 

Մինչ այժմ ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերի ընթացքում զոհվել է 120 մարդ, տուժել են հազարավորները: Իրավապահները ձերբակալել են  մոտ 5 հազար մարդու, որոնցից 1400-ը դեռևս բանտերում են:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.