Ֆիլիպիններում ոստիկաններն ավելի քան 30 մարդ են սպանել

Ֆիլիպինների ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում 32 մարդու է սպանել Բուլական նահանգում տեղի ունեցած բախումների ժամանակ. գրում է BBC-ն:

Նշվում է, որ սպանվածները թմրադեղերի վաճառքով զբաղվողներ են եղել, որոնք զինված դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին:

2016 թ. երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատերազմ է սկսել թմրանյութերի դեմ. այս ընթացքում հազարավոր մարդիկ են սպանվել երկրում:

Թմրամիջոցների վաճառքի դեմ պայքարը խիստ քննադատության է արժանացել միջազգային հասարակության կողմից՝ սպանությունների քանակի պատճառով. օգոստոսի 15-ին տեղի ունեցած սպանությունների թիվը ռեկորդային է համարվում պայքարի սկզբից ի վեր: Նշվում է նաև, որ ավելի վաղ Դուտերտեն հաստատել է նաև արտադատական սպանությունները:

Մեկ օր տևած բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, առգրավվել են անօրինական թմրադեղեր և զենքեր:

«Ռեկորդային թվով սպանությունները ցույց են տալիս, որ նախագահ Դուտերտեի պատերազմն ավարտվելու միտում չունի», - գրում է BBC-ն:

Չնայած արտադատական սպանություններին՝ շատերը կողմնակից են Դուտերտեի՝ թմրադեղերի դեմ պատերազմին: Մանիլայի բնակիչները BBC-ի թղթակցին հայտնել են, որ փողոցներն ավելի անվտանգ են դարձել:

Իրավապաշտպանները Ֆիլիպինների ոստիկաններին մեղադրել են արտադատական սպանություններ իրականացնելու մեջ: Ոստիկանությունն իր հերթին նշել է, որ կասկածյալներն սպանվել են իրավապահներին դիմադրություն ցույց տալու ժամանակ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.