ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսում են համատեղ զորավարժությունները՝ հաշվի չառնելով տարածաշրջանում առկա լարվածությունը

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան սկսում են Ulchi-Freedom Guardian համատեղ զորավարժությունները՝ չնայած  տարածաշրջանում լարվածության սրացմանը. գրում է ՏԱՍՍ-ը:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ծովային հետևակների կորպուսի փոխգնդապետ Քրիստոֆեր Լոգանը և Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Հեդեր Նաուրեթը հաստատել էին Վաշինգտոնի՝ զորավարժություններ անցկացնելու մտադրությունները՝ չնայած Կորեական թերակղզում տիրող իրավիճակին:

«Ամբողջ աշխարհը Հյուսիսային Կորեային կոչ է անում դադարեցնել ապակայունացնող գործունեությունը: Խոսքն այն մասին է, որ ամբողջ միջազգային հասարակությունը խոսում է Փհենյանի միջուկային ծրագրի առաջխաղացման և բալիստիկ հրթիռների փորձարկման մասին, որն ապակայունացնում է իրավիճակը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- ասել է Նաուերթը:

Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների հանձնաժողովի ներկայացուցիչները հաստատել են, որ զորավարժությունները կանցկացվեն «նույն ծավալով, ինչ անցյալ տարի»: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ulchi-Freedom Guardian զորավարժություններին մասնակցել են 50 հազար հարավկորեացի և 25 հազար ամերիկացի զինծառայողներ:

Անցյալ տարիների զորավարժություններին մասնակցել են նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, Նոր Զելանդիան, Ֆիլիպինները և Ֆրանսիան:

Օգոստոսի 17-ին Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտարարություն է տարածել՝ ըստ որի Ulchi-Freedom Guardian զոավարժությունները կսրեն Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: «Հարավկորեական կողմը ամբողջությամբ պատասխանատվություն է կրում այն անդառնալի իրավիճակի համար, որին կարող են հանգեցնել այդ ռազմական խաղերը»,- ընդգծել է գործակալությունը:

Իրավիճակը Կորեական թերակղզում ծայրահեղ լարված է մնում Փհենյանի հրթիռային-միջուկային ծրագրի զարգացման պատճառով: Վերջրերս Հյուսիսային Կորեան հայտարարել էր խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարված հասցնելու մտադրության մասին: Թրամփն իր հերթին խոստացել էր ձեռնպահ չմնալ պատասխան քայլերից:

Ulchi-Freedom Guardian զորավարժություններն անցկացվում են երկու փուլով: Առաջինի ընթացքում մշակվում են թշնամու կողմից կենսական նշանակության կառույցներին հասցված վնասի վերացման գործողություններ: Երկրորդ փուլում մշակվում են կորեական-ամերիկյան համատեղ գործողություններ՝ Հյուսիսային Կորեայի ներխուժման դեպքում:

Փհենյանը հանդես է գալիս զորավարժությունները քննադատող հայտարարություններով: Վաշինգտոնը ենթադրում է, որ այդ ռազմական գործողությունները նպաստում են Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.