ԱՄՆ-ը պատրաստվում է աջակցել աֆղանական իշխանությունների և թալիբների միջև խաղաղ բանակցություններին

ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև խաղաղ բանակցությունների կազմակերպմանը՝ առանց նախապայմանների. այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Թրամփի կողմից Աֆղանստանի նկատմամբ նոր ռազմավարության վերաբերյալ հայտարարությունից հետո:

«Մենք պատրաստ ենք աջակցել Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև խաղաղ բանակցությունների կազմակերպմանը՝ առանց որևիցե նախապայմանների: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հասարակությունը՝ նախ և առաջ Աֆղանստանի հարևանները կօգնեն մեզ խաղաղ կարգավորման հարցում»,- ընդգծել է Թիլերսոնը:

Պետքարտուղարի գնահատմամբ՝ Վաշինգտոնի նոր ռազմավարությունն արմատապես տարբերվում է «նախորդ մոտեցումներից, որոնք հիմնված էին որոշակի խնդիրների լուծման համար նշանակված արհեստական վերջնաժամկետների վրա»:

«Մենք պարզ ասում ենք «Թալիբան»-ին, որ նրան չի հաջողվի հաղթել պատերազմում: Սակայն «Թալիբան»-ը կարող է խաղաղության և քաղաքական օրինականության հասնել՝ բանակցությունների օգնությամբ քաղաքական կարգավորման և պատերազմի դադարեցման միջոցով»,- նշել է նա:

Թիլերսոնը հավաստիացրել է Քաբուլին և Աֆղանստանի անվտանգության ծառայություններին, որ «Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում և երկրում ահաբեկիչների և ծայրահեղականների նոր հենակետերի առաջացման կախարգելման հարցում»:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 21-ի երեկոյան Թրամփը հանդես է եկել «բանակին և Ամերիկայի ժողովրդին ուղղված» հատուկ ուղերձով՝ «ներկայացնելով Աֆղանստանում և Հարավային Ասիայում ԱՄՆ-ի հետագա քայլերի մասին նոր ծրագիրը»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով՝ նոր ինտեգրված մոտեցումը «պահանջում է Պակիստանի, Աֆղանստանի և Հնդկաստանի դիվանագիտական աջակցությունը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար»:

Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնի նոր ռազմավարության մասին հայտարարության նախօրեին Թիլերսոնը հեռախոսազրույց էր ունեցել Աֆղանստանի և Հնդկաստանի  արտգործնախարարներ Սալահուդին Ռաբանիի և Սուշմա Սվարաջի, ինչպես նաև Պակիստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Շահիդ Հական Աբասի հետ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.