Հազարավոր մուսուլմաններ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ՝ ահաբեկչության դեմ բողոքի ցույցի

Մոտ 2,5 հազար մուսուլմաններ ահաբեկչության դեմ բողոքի ցույց են կազմակերպել Բարսելոնայում: Երթն սկսվել է «Պլազա դե Կատալունյայից», որտեղ իսլամիստ ահաբեկիչը մեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 14 և վիրավորելով ավելի քան 100 մարդու. գրում է RT-ն:

Ինչպես նշում է El Pais-ը, հրապարակում հավաքված մարդիկ՝ իսլամական երեք համայնքերի ներկայացուցիչները, կատալոներենով, իսպաներենով և արաբերենով պաստառներ են ունեցել, որոնցով դատապարտել են բռնությունը և առաջարկել իրենց օգնությունը հարձակումից տուժածներին: Ցուցանակների վրա գրված են եղել հետևյալ կարգախոսները՝ «Մենք նույնպես զոհ ենք», «Ահաբեկչությունը կրոն չի ճանաչում», «Մենք բոլորս Բարսելոնան ենք, ոչ թե ահաբեկչությունը», «Մենք մուսուլմաններ ենք, ոչ թե ահաբեկիչներ» և այլն:

Հատկանշական է, որ ցույցին մասնակցել են որոշ տեղացի քաղաքական գործիչներ՝ Կատալոնիայի խորհրդարանի նախագահը, արտաքին գործերի քարտուղարը, Բարսելոնայի քաղաքապետի տեղակալը և կատալոնական խոհրդարանի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին ֆուրգոնի վարորդը վրաերթի էր ենթարկել հրապարակի մոտակայքում եղած մարդկանց բազմությանը: Ավելի ուշ պարզվել էր նրա ինքնությունը՝ Մարոկկոյի 22-ամյա քաղաքացի Յունես Աբույաքուբ:

Օգոստոսի 21-ին իսպանական ոստիկանությունը հայտնել էր, որ մեղադրյալն սպանվել է Բարսելոնայից ոչ հեռու գտնվող Սուբիրաթսի գազալցակայանում:

Կատալոնական իշխանությունների փոխանցմամբ՝ ահաբեկչական գործողության մեջ ներքաշված բոլոր 12 մասնակիցները կամ սպանվել են, կամ գտնվում են ոստիկանության հսկողության տակ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.