Լիբանանը կարողացել է խափանել Իսլամական պետության ծրագրված՝ «Բարբի» տիկնիկի միջոցով պայթյունը
Լիբանանական հետախուզությանը հաջողվել է ձախողել հուլիսին Աբու Դաբիից Սիդնեյ մեկնող օդանավի վրա Իսլամական պետության կողմից ծրագրված հարձակումը: Ենթադրյալ ահաբեկիչը ծրագրել էր պայթեցնել օդանավը «Բարբի» տիկնիկի մեջ թաքնված ռումբի միջոցով. այս մասին հայտնել է Լիբանանի ներքին գործերի նախարարը:
Ինչպես նշել է նախարար Նուհադ Մաչնուկը, լիբանանցի Ամեր Քայաթը ցանկացել է պայթեցնել օդանավը թռիչքից 20 րոպե անց, սակայն ստիպված է եղել լքել ինքնաթիռը ուղեբեռի ծանրության պատճառով:
Ինչպես նշում է RT-ն, հանցագործը ձերբակալվել է Լիբանան ժամանելուն պես: Նրա երկու եղբայրները նույնպես ձերբակալվել են Սիդնեյում՝ «ահաբեկչական գործողություն պատրաստելու կամ ծրագրելու» մեղադրանքով: Ենթադրվում է, որ նրա չորրորդ եղբայրը ԻՊ-ի հրամանատարներից է Ռաքքայում:
Մաչնուկի փոխացմամբ՝ օդանավում 400 մարդ է եղել, որոնցից 120-ը Լիբանանի քաղաքացիներ: Նա պնդում է, որ կասկածյալները ցանկացել են պատժել ԱՄԷ-ին և Ավստրալիային Իսլամական պետության դեմ պայքարող կոալիցիային անդամակցելու համար:
Ավստրալիայի Դաշնային ոստիկանությունում հայտնել են, որ շարունակում են համագործակցել Լիբանանի իշխանությունների հետ՝ փոխանակելով գործի հետաքննության հետ կապված մանրամասներ:
Ինքնաթիռի պայթեցումից հետո մեղադրյալները պատրաստվում էին ևս մեկ հարձակում իրականացնել՝ մարդաշատ վայրում թունավոր գազեր արձակելով:
Հետաքննության արդյունքում պարզվել է նաև, որ նրանք Իսլամական պետության անդամի միջոցով Թուրքիայից ինքնաշեն պայթուցիկների պատրաստման համար նախատեսված մասեր են ստացել: