Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Օգոստոսի 23-ին Սոչիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իր թիվս մի շարք այլ հարցերի՝ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում զարգացող ինտեգրացիոն գործընթացներին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

«Հարգելի՛ Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: 

Այս տարի մենք նշում ենք լավ տարեդարձներ մեր համագործակցության շրջանակներում. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մի քանի օրից՝ օգոստոսի 29-ին, կլրանա առանցքային՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը:

Այս ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի՝ որպես երկու ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունները շատ լուրջ կերպով ամրապնդվել են: Պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսություն, ընթանում է երկկողմ համագործակցություն և՛ տնտեսական, և՛ անվտանգության, և´ ռազմական ոլորտներում: Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպությունների և մեր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և զրուցել այս բոլոր հարցերի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Շնորհակալ եմ, Վլադիմի՛ր Վլադիմիրի,

Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար և շնորհակալ եմ հրավերի համար: Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր մակարդակում մշտական ինտենսիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն համակարգմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում արդյունավետ համագործակցությամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում արգասաբեր համագործակցությամբ: 

Բառացիորեն օրեր առաջ կայացան երեք կարևորագույն երկկողմ հանձնաժողովների նիստերը՝ ռազմատեխնիկական, առևտրատնտեսական և խորհրդարանական համագործակցության: Աշնանը Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի օրերը: Շատ կարևոր է, որ այս օրերի շրջանակներում անցկացվելիք միջոցառումները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանի մայրաքաղաքով, միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանի 13 քաղաքներում:
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել անտառային հրդեհների մարման ուղղությամբ ցուցաբերված օգնության համար:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.