Դոհան վերականգնում է Թեհրանի հետ դիվանագիական հարաբերությունները

Կատարը վերականգնում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ անտեսելով արաբական երկրների պահանջները. գրում է ABC News-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ Դոհան Թեհրան է ուղարկել 2016 թ. Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո այնտեղից հետ կանչված դեսպանին:

«Կատարն ապացուցեց, որ ուրիշ ուղղությամբ է շարժվում: Այս քայլը ցույց է տալիս, որ Կատարը չի խոնարհվի իր վրա դրված տարածաշրջանային ճնշման տակ»,- այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ Ջեյմս Բեքերը:

Կատարի արտգործնախարար հայտնել է, որ կառավարությունը ցանկանում է բարելավել Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունները:

Իրանական պետական լրատվամիջոցները տարածել են այս լուրերը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:

Ինչպես նշում է ABC News-ը, չնայած 2016 թ. դեսպանին հետ կանչելուն, Իրանը և Կատարը պահպանել էին իրենց արժեքավոր առևտրային հարաբերությունները: Երկու երկրները կիսում են հսկայական օֆշորային գազի հանքեր, որը Թեհրանում անվանում են «Հարավիրանական դաշտ», իսկ Դոհայում՝ «Հյուսիսային դաշտ»:

Այդ հանքերի պաշարները Կատարին դարձրել են աշխարհում ամենաշատ եկամուտ ունեցող երկիրը. այդ շահույթներով են ֆինանսավորվում «Ալ Ջազիրա» ազգային հեռուսատաընկերությունը և 2022 թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Դիվանագիտական ճգնաժամի սկզբից ի վեր Իրանը նավերով սնունդ է հասցրել Կատարին, որը Սաուդյան Արաբիայի կողմից ցամաքային շրջափակման մեջ էր: Դա էլ ավելի է սրել առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում:

Արաբական երկրները դեռևս չեն արձագանքել Կատարի որոշմանը: Չադի Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը հայտարարել է, որ կփակի Դոհայում իր դեսպանատունը՝ Կատարին մեղադրելով հարևան Լիբիայում իրավիճակն ապակայունացնելու մեջ:

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի ավազանում ճգնաժամն սկսվել է հունիսի 5-ին, երբ Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, Կատարին մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և Իրանի հետ մտերիմ լինելու մեջ, խզեցին դիվանագիտական հարաբերությունները նրա հետ:

Ավելի ուշ բոյկոտող երկրները Կատարին ներկայացրին 13 պահանջներից բաղկացած ցուցակ, որը սակայն չընդունվեց Դոհայի կողմից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.