Լեհաստանը Գերմանիայից փոխհատուցում է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառած վնասի դիմաց

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել է, որ Վարշավան կարող է Բեռլինից հատուցում պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառած վնասի դիմաց. գրում է Ռիա Նովոստի-ն:

«Մենք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերն ենք, այն զոհերը, որոնք երբեք փոխահատուցում չեն ստացել»,- հայտարարել է Շիդլոն՝ նշելով, որ այդ փոխհատուցումը «հիշեցում է արդարության մասին»: Ընդ որում՝ վարչապետն այս գաղափարի բոլոր քննադատներին կոչ է արել «նայել պատմությանը և հիշել, թե ինչ է կատարվել լեհական հողում պատրազմի ժամանակ»:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններով էին հանդես եկել Լեհաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները:

1945 թ. Պոտսդամի համաժողովի ընթացքում հետպատերազմական կարգավորման և տարածքային պահանջներին վերաբերող քննարկումների արդյունքում Լեհաստանն ստացել է պարտված Գերմանիայից առանձնացած Պոմերանիան, Սիլեզիան և Արևելյան Պրուսիայի 2/3-ը, սակայն տարածքներ է կորցրել Արևմտյան Ուկրաինայում և Բելառուսում:

Ավելի վաղ Dziennik լրատվականը տեղեկացրել էր, որ լեհական սեյմի պատգամավորները հանդես են եկել Ռուսաստանից «ԽՍՀՄ-ի կատարած հանցանքների դիմաց տրիլիոն ոսկեդրամներ» ստանալու պահանջով:

Իշխող կուսակցության անդամներից մեկը պնդել է, որ «ռուսները թալանել են արդյունաբերությունը և արվեստի գործերը», և այժմ Մոսկվան պետք է Վարշավային «ռազմական փոխհատուցում» վճարի:

Քաղաքագետ, լրագրող Յուրի Սվետովը նշել է, որ սովորաբար փոխհատուցումը դրվում է պարտված կողմի վրա, իսկ այժմ այն պահանջում են հաղթող կողմից, որն էլ կրել է ամբողջ պատերազմի ծանրությունը:

Մեկ այլ փորձագետի կարծիքով՝ լեհ պատգամավորների՝ խորհրդային բանակին զրպարտելու գաղափարը քաղաքական նպատակ է հետապնդում: «Այն օրինական հիմքեր չունի, ուստի անհրաժեշտ է հորինել դրանք: Սա զուտ քաղաքական ակցիա է, որը չի համապատասխանում միջազգային իրավունքի ոչ մի նորմի»,- նշել է փորձագետը:

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան ուղղումներ էր կատարել կոմունիզմի արգելքի մասին օրենքում՝ նախատեսելով սովետական արձանների տեղահանումը: ՌԴ ԱԳՆ-ում այս որոշումը համարեցին սադրանք, որն անհետևանք չի մնա:

Հուլիսին Լեհաստանի Ազգային հիշատակի ինստիտուտը հայտարարել էր, որ սովետական բանակի օգնությամբ գերմանական զորքերից Լեհաստանի ազատումը հրապարակվել է ՌԴ ՊՆ-ի կողմից՝ Կարմիր բանակը միայն որպես փրկիչ ներկայացնելու համար: Լեհաստանի ԱԳ նախարար Անտոն Մաչերևիչը ԽՍՀՄ-ին մեղադրել էր նացիստական Գերմանիայի հետ գաղտնի դավադրություն պատրաստելու մեջ: Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ը և Գերմանիան միասին են հարձակում գործել Լեհաստանի վրա:

Նշենք, որ խորհրդային ուժերը գերմանական շրջափակումից ազատել են Լեհաստանը Վիսլո-Օդերյան ռազմվարական հարձակողական գործողության արդյունքում: Կարմիր բանակը մեծ կորուստներ է կրել. զոհվել է մոտ 600 հազար զինվոր և սպա, որոնք թաղվել են լեհական տարածքում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.