Առողջական խնդիրներ ունեն Կուբայում ԱՄՆ դեսպանատան 16 աշխատակիցներ․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ տուժել է Կուբայում ամերիկյան դեսպանատան 16 աշխատակիցների առողջությունը՝ արտաքին անհայտ ազդեցության պատճառով. այս մասին տեղեկացրել է Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Հեդեր Նաուերթը:

«Մենք տեղեկություն ենք ստացել ավելի քան 16 տուժածների մասին, որոնք տարբեր ախտանիշներ ունեն: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել ԱՄՆ-ում և Կուբայում: Մենք շատ լուրջ ենք վերաբերում այս իրավիճակին»,- հայտնել է Նաուերթը՝ հավելելով, որ նրանցից ոմանք այնուամենայնիվ շարունակում են աշխատել Կուբայում:

«Ներկա պահին մենք որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում: Հետաքննությունը շարունավում է»,- նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ ամերիկյան կառավարությունը ենթադրում է, թե Հավանայում ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմի առողջության վատթարացումն սկսվել է նախորդ տարվա վերջից:

Ընդ որում՝ նա հայտնել է, որ Կուբայում հավատարմագրված դիվանագետների վրա արտաքին ազդեցությունները դադարել են: Այդուհանդերձ Նաուերթի ունեցած տվյալների համաձայն՝ կատարվածի պատճառները դեռևս չեն պարզվել:

Այդուհանդերձ, նա հրաժարվել է մեկնաբանել CBS հեռուստաընկերության տարածած լուրերն այն մասին, թե Կուբայում աշխատող ամերիկացի և կանադացի դիվանագետների մոտ բժիշկները «գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի թեթև վնասվածքներ են» հայտնաբերել, որոնք ենթադրաբար առաջացել են որոշակի ձայնային սարքերի ազդեցության հետևանքով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.