Պենտագոնը տեղեկացրել է Հյուսիսային Կորեայից մի քանի բալիստիկ հրթիռների արձակման մասին

ԱՄՆ-ի զինված ուժերն արձանագրել են Հյուսիսային Կորեայից փոքր հեռահարության երեք բալիստիկ հրթիռների արձակումը. ԱՄՆ-ի զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Դեյվ Բենհեմի հայտարարությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունն արձանագրել է, որ, ինչպես մենք ենք ենթադրում, Հս. Կորեայից մի քանի հրթիռային մեկնարկ է կատարվել Հավայան կղզիների ժամանակով՝ 11:49-ի և 12:19-ի սահմաններում (01:49-ի և 02:49-ի Երևանի ժամանակով): Նախնական ստուգումների համաձայն՝ խոսքը փոքր հեռահարության երեք հրթիռների մասին է. ընդ որում՝ նրանցից մեկը պայթել է մեկնարկից գրեթե անմիջապես հետո»,- հայտնել է նա:

Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում հայտնել են նաև, որ, ըստ Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության միասնական հրամանատարության, արձանագրված «հրթիռային արձակումները սպառնալիք չեն ներկայացրել Հյուսիսային Ամերիկայի» կամ Գուամի համար:

Կորեական թերակղզում իրավիճակը լարված է մնում՝ Փհենյանի հրթիռամիջուկային ծրագրի առաջխաղացման ֆոնին: Հուլիսին Հս. Կորեան երկու բալիստիկ հրթիռի փորձարկում էր իրականացրել, որը սուր արձագանքի էր արժանացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից: Վաշինգտոնը բազմիցս նշել է, որ այս հակամարտության մեջ չի բացառում գործողությունների ոչ մի տարբերակ, այդ թվում և՝ ռազմական:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.