Եվրամիությունը չի կարող գոյատևել առանց ՆԱՏՕ-ի. Յենս Սթոլթենբերգ
Անվտանգության տեսանկյունից Եվրամիությունը կախված է ՆԱՏՕ-ից. «Րեչ Պոսպոլիտա» թերթին տված հարցազրույցի ժամանակ այսպիսի կարծիք է արտահայտել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Խոսելով ընդհանուր եվրոպական պաշտպանական քաղաքականության մասին՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ ԵՄ-ն պետք է լինի ոչ թե «ՆԱՏՕ-ի մրցակիցը, այլ լրացումը»: «Մենք ցանկանում ենք ավելի շատ եվրոպական ուժեր ունենալ, մեծացնել պաշտպանական ծախսերը: Սակայն մենք պետք է խուսափենք կրկնությունից, եվրոպական հրամանատարության կամ եվրոպական բանակի ստեղծումից, ինչպես նաև այն հռետորաբանությունից, թե Եվրոպան կգոյատևի առանց ՆԱՏՕ-ի: Դաշինքը հավաքական պաշտպանության երաշխավորն է, իսկ Եվրոպան նրանից է կախված»,- ասել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքով՝ «Բրեքզիթից հետո պաշտպանության համար ամենաշատ գումարը հատկացնող երկու երկրները՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, կդառնան ԵՄ-ի կազմից դուրս գտնվող պետություններ»: «Իսկ արևելյան թևի չորս մարտական խմբերից երեքը կհայտնվեն Եվրամիությունից դուրս գտնվող երկրների հրամանատարության տակ: Ուստի անհնար է գոյատևել առանց ՆԱՏՕ-ի այն անդամների, որոնք ԵՄ-ի կազմում չեն»,- ամփոփել է դաշինքի գլխավոր քարտուղարը: