Մեծ Բրիտանիայի վարչապետը Պեկինին կոչ է արել ճնշում գործադրել Փհենյանի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի կողմից եկող սադրանքները զսպելուն ուղղված միջազգային հասարակության փորձերում առանցքային դերը պատկանում է Չինաստանին, և Պեկինին կոչ է անում ուժեղացնել հրթիռային փորձարկումների դադարեցմանն ուղղված ճնշումները. այս մասին տեղեկացրել է «Ռոյթերս» գործակալությունը:

«Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ Հս. Կորեան ձեռնպահ կմնա նմանատիպ գործողություններից: Մենք կարծում ենք, որ դա անելու լավագույն ձևը Չինաստանի կողմից Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելն է»,- հայտարարել է վարչապետը Ճապոնիայի մեկնելու ճանապարհին, որտեղ նա հանդիպելու է ճապոնացի գործընկեր Սինձո Աբեի հետ:

Ավելի վաղ Մեյն իր պաշտոնական ներկայացուցչի միջոցով դատապարտել էր Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակումը՝ հայտարարելով, որ «վրդովված է Փհենյանի անխոհեմ սադրանքով»:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 29-ին Հս. Կորեան բալիստիկ հրթիռի նոր փորձարկում է իրականացրել, որը թռել է Ճապոնիայի հյուսիսարևելյան հատվածի վրայով և ենթադրաբար ընկել Խաղաղ օվկիանոսը՝ Հոկայդո կղզում գտնվող Էրիմո հրվանդանից 1180 կմ դեպի արևելք: Հարավկորեական զինվորականները նշում են, որ հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմել է 2,7 հազար կմ, իսկ բարձրությունը՝ 550 կմ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.