Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ զրույցում կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել կատարական ճգնաժամը

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի հետ, որի ընթացքում կոչ է արել արաբական երկրներին քաղաքական ճանապարհով լուծել Պարսից ծոցում ծագած ճգնաժամը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

«Նախագահը շատ խիստ կերպով կոչ արեց Կատարի շուրջ ծագած հակամարտության կողմերին գտնել դիվանագիտական լուծում՝ հղում կատարելով Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ստանձնած նրանց պարտավորություններին։ Նպատակը՝ ահաբեկչության դեմ պայքարում միասնության պահպանումն է», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի առաջնորդները քննարկել են նաև «տարածաշրջանում Իրանի կողմից սպառնացող վտանգի», ահաբեկչության և ծայրահեղական գաղափարախոսության դեմ միասնական պայքարի վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել էին դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով հարևան երկրների ներքին գործերին միջամտելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ: Հունիսի վերջին այս չորս երկրները Կատարին էին ներկայացրել ճգնաժամից դուրս գալու 13 պահանջ, որոնք սակայն չէին ընդունվել էմիրության կողմից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.