«Հարվի» փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 44-ի

ԱՄՆ-ի Տեխաս և Լուիզիանա նահանգները պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով զոհվածների թիվն արդեն հասել է 44-ի։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 39 զոհի մասին։

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Տեխասի խոշորագույն Հյուստոն քաղաքում դիահերձարաններն արդեն չեն բավականացնում, և նահանգային իշխանություններն զբաղվում են լրացուցիչ տեղեր ստեղծելու հարցով։ Այս անելանելի իրավիճակը կապված է այն բանի հետ, որ քաղաքային թաղման բյուրոն ջրհեղեղի պատճառով գրեթե չի գործում։   

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ «Հարվի» փոթորիկից հետո պետական օգնություն ստանալու համար գրանցվել է 310 հազար մարդ։ Փենսի խոսքով՝ իշխանություններն օգնության համար արդեն տրամադրել են 530 միլիոն դոլար։

Մեքսիկական ծոցում ձևավորված չորրորդ կարգի «Հարվի» փոթորիկը հարվածել է Տեխասին օգոստոսի 26-ի գիշերը: Այն աստիճանաբար նվազել է՝ հասնելով մրրիկի, ապա՝ այսպես կոչված «արևադարձային դեպրեսիայ» աստիճանի: Այժմ այս մթնոլորտային երևույթը հասել է Լուիզիանա նահանգ և շարունակում է շարժվել դեպի մայրցամաքի խորքը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.