Բարսելոնայում հերթեր են գոյացել ընտրատեղամասերի մոտ

Բարսելոնայում անկախության հանրաքվեի մեկնարկից առաջ մարդկանց հերթեր են գոյանում ընտրատեղամասերի մոտ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով իսպանական աղբյուրներին։

Նշվում է, որ հարյուրավոր մարդիկ ընտրությունների մեկնարկից ժամեր առաջ հավաքվել են ընտրատեղամասերի մոտ, որպեսզի թույլ չտան ոստիկանությանը խանգարել հանրաքվեի անցկացմանը։ «Չնայած հորդառատ անձրևին՝ մարդիկ շարունակում են գալ ընտրատեղամասեր, հատկապես՝ կենտրոնական Գրասիա և Ռամբլաս թաղամասերում», - գրում է աղբյուրը։

Ընտրատեղամասերից մեկի մոտ հավաքվել է մոտ 500 մարդ, որոնք խանգարում են երթևեկությանը։ «Մենք վաղ առավոտից եկել ենք այստեղ, որովետև գիտենք՝ ոստիկանությունը պետք է գա և փակի ընտրատեղամասերը։ Նրանք կտեսնեն, որ մենք շատ ենք, և ոչինչ չեն կարողանա անել», - Ռիա Նովոստի-ի թղթակցի հետ զրույցում ասել է քվեարկությանը մասնակցել ցանկացող քաղաքացիներից մեկը, որը մի շարք ակտիվիստների պես գիշերել է Բարսելոնայի դպրոցներից մեկում։

Քվեարկությունը պաշտոնապես կսկսի տեղի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00-ին, - խմբ․) և կավարտվի 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին, - խմբ․)։ Ավելի վաղ նախատեսվում էր բացել 2315 ընտրատեղամաս, որտեղ կարող էր քվեարկել 5,3 միլիոն քաղաքացի։ Ընտրատեղամասերի բնականոն աշխատանքը պետք է ապահովեին մոտ 7 հազար կամավորներ։

Կատալոնիայի Գերագույն դատարանը, սակայն, որոշեց, որ իրավապահները պետք է առավոտյան ժամը 06:00-ից սկսած հսկողության տակ վերցնեն բոլոր դպրոցները։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ներքին գործերի նախարարությունը հաղորդում էր, որ ոստիկանները փակել են մի շարք դպրոցներ, որտեղ պետք է անցկացվեր հանրաքվեն։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.