Կատալոնիայում 38 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումների արդյունքում

Կատալոնիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 38 մարդ է տուժել անկախության հանրաքվեի ընթացքում ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում։

«Շտապօգնության ծառայության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել 38 տուժածի, որոնք վնասվածքներ են ստացել ոստիկանության հետ բախումների հետևանքով։ Նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության․ մնացածը ստացել են թեթև վնասվածքներ», - ասվում է Կատալոնիայի առողջապահության նախարարության թվիթերյան գրառման մեջ։

Նշվում է, որ տուժածերից 9-ը տեղափոխվել է հիվանդանոց։

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնը, որն արդեն կատարել է իր քվեարկությունը, ոստիկանության գործողությունները համարել է «անհիմն և դաժան»։ Նրա խոսքով՝ իրավապահների կողմից բռնություն կիրառելը խոսում է այն մասին, որ անկախության կողմնակիցները հաղթում են։ Նա նաև պահանջել է Իսպանիայի կառավարության հրաժարականը։

Հիշեցնենք, որ այսօր՝ տեղի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00, - խմբ․) Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեի քվեարկությունը, որը չեն ընդունում իսպանական իշխանությունները։ Հանրաքվեի անցկացմանը դեմ է նաև երկրի Սահմանադրական դատարանը։ Ոստիկանությունը հաղորդում է, որ իրենց հաջողվել է հսկողության տակ վերցնել 2315 ընտրատեղամասերի մեծ մասը, իսկ Կատալոնիայի իշխանությունները հայտարարում են, որ բաց են ընտրատեղամասերի ավելի քան 70%-ը։

Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ որոշ տեղամասերի մոտ բախումների ժամանակ անգամ կրակոցներ են հնչել։

Ավելի վաղ անցկացված սոցհարցումների համաձայն՝ անխակությանը կողմ են քաղաքացիների 41%-ը, 49%-ը ցանկանում է մնալ Իսպանիայի կազմում։ Հանրաքվեի անցկացմանը կողմ է արտահայտվել հարցվածների մոտ 80%-ը, սակայն նրանց մեծ մասը կարծում է, որ ընտրությունների անցկացումը պետք է համաձայնեցնել Մադրիդի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.