Wikileaks-ի հիմնադիրը կոչ է անում Իսպանիային հեռացնել ԵՄ կազմից

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին կոչ է արել Իսպանիային հեռացնել Եվրամիության կազմից Լիսաբոնյան համաձայնագրի 2-րդ դրույթը կոպտորեն խախտելու համար։ Այս մասին Ասանժը գրել է իր թվիթերյան էջում։

«Հարգելի Ժան Կլոդ Յունկեր, միթե՞ սա է հարգանքը մարդկային արժանապատվության, ազատության և ժողովրդավարության նկատմամբ։ Կիրառեք 7-րդ կետը և հեռացրեք Իսպանիային Եվրամիության կազմից Լիսաբոնյան համաձայնագրի երկրորդ դրույթը խախտելու համար», - գրել է Ասանժը։

Ավելի վաղ նա անկախության հանրաքվեի շուրջ Կատալոնիայում ստեղծված իրավիճակն անվանել էր «աշխարհում առաջին ինտերնետ-պատերազմը»։

Եվրամիության համաձայնագրի երկրորդ կետում նշված է, որ միությունը հիմնված է մարդկային արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։

Հիշեցնենք, որ այսօր՝ տեղի ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով՝ 11:00, - խմբ․) Կատալոնիայում սկսվել է անկախության հանրաքվեի քվեարկությունը, որը չեն ընդունում իսպանական իշխանությունները։ Հանրաքվեի անցկացմանը դեմ է նաև երկրի Սահմանադրական դատարանը։

Քվեարկությանը փորձում են խոչընդոտել իրավապահները։ Ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թիվն արդեն հասնում է մոտ 4 տասնյակի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.