Հանրաքվեին մասնակցած կատալոնացիների 90%-ը կողմ է անկախությանը

Կատալոնիայում ավարտվել է անկախության հանրաքվեն։ Քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ անկախությանը կողմ է քվեարկել 2,02 միլիոն մարդ, կամ քվեարկոթյանը մասնակցած քաղաքացիների 90%-ը։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ հանրաքվեի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը։

«Իսպանիայից Կատալոնիայի անկախանալուն կողմ է քվեարկել 2.020.144 մարդ, կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 90%-ը։ Դեմ է արտահայտվել 176․565 մարդ, կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 7%-ը։ Դատարկ քվեաթերթիկների թիվը կազմել է 45․586, իսկ անվավեր է ճանաչվել 20․129 քվեաթերթիկ», - հայտնել է Ժորդի Տուրուլը։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովի կողմից հաշվված քվեաթերթիկների թիվն ընդհանուր առմամբ կազմել է 2,262,424։

Տուրուլը նշում է, որ այս արդյունքները գործնականում վերջնական են։ «Սրանք այն թվերն են, որ մենք ներկա պահին ունենք։ Ճիշտ է՝ դեռ կան մի քանի հազար չհաշվված քվեաթերթիկներ, սակայն կարելի է ասել, որ վերջնական արդյունքը սա է, քանի որ թվերը գրեթե չեն փոխվի», - ամփոփել է Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.