ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Թուրքիային և ԱՄՆ-ին որքան հնարավոր է շուտ ելք գտնել ստեղծված իրավիճակից
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա դիվանագիտական ճգնաժամն անհրաժեշտ է լուծել հնարավորինս շուտ՝ հանուն Հյուսիսատլանտյան դաշինքի համակարգված աշխատանքի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը․ գրում է France Presse գործակալությունը։
«Ցավում ենք ծագած ճգնաժամի համար։ Ես կոչ եմ անում Թուրքիային և ԱՄՆ-ին միասին նստել սեղանի շուրջ և որքան հնարավոր է շուտ ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Սա շատ կարևոր է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 29 երկրների համար, որպեսզի մենք կարողանանք աշխատել սերտ համագործակցության պայմաններում՝ հատկապես այս տարածաշրջանում (Իրաք, Սիրիա, - խմբ․)։ Թուրքիան չափազանց կարևոր է ահաբեկչության դեմ պայքարի համար։ Այս երկրի տարածքում տեղակայված են ՆԱՏՕ-ի ռազմաբազաներ և կարևոր ենթակառուցվածքներ», - ասել է Սթոլթենբերգը։
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ճգնաժամը ծագել էր նախորդ շաբաթ, երբ թուրքական իշխանությունները ձերբակալել էին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզին։ Անկարան պնդում է, որ Թոփուզը կապ ունի Գյուլենական շարժման և դրա ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որն ապրում է ԱՄՆ-ում։ Թուրքիայի իշխանությունները հենց Գյուլենին են մեղադրում 2016 թ․ հուլիսյան հեղաշրջման փորձի մեջ։
Թոփուզին կասկածում են նաև Թուրքիայի նախկին դատախազ Զեքերիյա Օզի և ոստիկանության աշխատակիցների հետ կապ ունենալու մեջ, որոնք հետաքննել են 2013 թ․ դեկտեմբերին Թուրքիայում ծագած աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի քրեական գործը։
Հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Թուրքիայում տեղակայված իր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ոչ ներգաղթային արտոնագրերի տրամադրման դադարեցման մասին: Ի պատասխան՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը նույնպես դադարեցրել է ԱՄՆ քաղաքացիներին վիզայի տրամադրումը։