Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 276-ի

Նախօրեին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 276-ի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Սոմալիի կառավարության հայտնած տվյալներին։

Հոկտեմբերի 14-ին Մոգադիշոյի մարդաշատ փողոցներից մեկում պայթել էր պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենան։ Ավելի վաղ հայտնում էին 231 զոհի և 275 վիրավորի մասին։

«Մոտ 300 մարդ է վիրավորվել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման բարբարոսական հարձակման հետևանքով», - իր թվիթերյան էջում գրել էր Սոմալիի տեղեկատվության նախարարը։

Միևնույն ժամանակ, Ռոյթերս գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչական գործողության հետևանքով ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։ Նշվում է, որ հարևան երկրները՝ Քենիան, Եթովպիան և Ջիբութին իրենց օգնությունն են առաջարկել Սոմալիին։

Սոմալիում հիմնված «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը (երիտասարդ մոջահեդների շարժումը, - խմբ․) ակտիվորեն համագործակցում է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ։ «Աշ-Շաբաբը» զինված պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար առաքելություններին։ 2008 թ․ ԱՄՆ-ը «Աշ-Շաբաբն» ընդգրկել է ահաբեկչական խմբավորումների ցանկում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.