Ավստրիայի խորհրդարանական ընտություններում հաղթում է ԱԳ նախարարի գլխավորած կուսակցությունը

Ավստրիայում արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած Պահպանողական ժողովրդական կուսակցությունն առաջատարն է խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրություններում։ Կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 31.5%-ը։ Կանցլեր Քրիստիան Քերնի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկրորդ տեղում է՝ հավաքելով ձայների 26.9%-ը։

Սրանք Ավստրիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներն են։ Նշվում է, որ վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 19-ին։

Հավաքած 26% ձայնով երրորդ հորիզոնականում է աջակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող «Ազատություն» կուսակցությունը՝ Հայնց Քրիստիան Շտարխեի գլխավորությամբ։ Չորրորդը «Նոր Ավստրիա» կուսակցությունն է (5.3%), իսկ հինգերորդը՝ «Պետեր Պիլցի ցուցակ» կուսակցությունը (4.4%)։ Սա նշանակում է, որ խորհրդարան, ամենայն հավանականությամբ, կանցնի հինգ քաղաքական միավորում։

Ավստրիայի ընտրական հանձնաժողովը կհաստատի ընտրությունների վերջնական արդյունքները հոկտեմբերի 31-ին, իսկ նոր գումարման ազգային ժողովը կհաստատվի նոյեմբերի 9-ին։

Այսպիսով՝ ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած Պահպանողական ժողովրդական կուսակցությունը կդառնա նոր խորհրդարանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, իսկ նրա առաջնորդը կօժտվի կոալիցիոն բանակցություններ վարելու և նախարարների կաբինետ ձևավորելու նախագահական լիազորություններով։ Հաշվի առնելով սա՝ կարելի է ենթադրել, որ Ավստրիայի ապագա կանցլերի պաշտոնը պատրաստվում է զբաղեցնել հենց Սեբաստիան Կուրցը։

Հիշեցնենք, որ Ավստրիայի խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվել են կիրակի՝ հոկտեմբերի 15-ին։ Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և քաղաքական միավոր։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին ձայների 4%-ի շեմը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.