Սաակաշվիլին պահանջում է Պորոշենկոյի հրաժարականը
Քանի դեռ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի նախագահն է, երկրում ոչինչ դեպի լավը փոխվել չի կարող։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ կազմակերպած հանրահավաքի ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխաիլ Սաակաշվիլին։
«Քանի Պորոշենկոն կա, ոչ մի լավ բան չի լինի։ Եթե այսօր նա մեզ չլսի, մենք կգնանք մեկ ուրիշ վայր և կպահանջենք, որ նա լքի պաշտոնը և ազատի Ուկրաինայի ժողովրդին», - ասել է Սաակաշիլին։ Նրա խոսքերը ոգևորությամբ են ընդունել հանրահավաքի մասնակիցները, որոնք ի նշան ուրախության պարզել են «Պորոշենկո հեռացիր» գրությամբ պաստառներ։
Վրաստանի նախկին նախագահը հավաքվածներին կոչ է արել «հետ չկանգնել, մինչև հաղթանակի հասնելը», ինչպես նաև հոկտեմբերի 18-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո կրկին հավաքվել Սահմանադրության հրապարակում։ «Եթե այդ մարդիկ (պատգամավորները) մեր ազգի համար ոչ մի լավ որոշում չկայացնեն, ապա պետք է մտածենք հաջորդ պահանջի մասին՝ նախագահի հրաժարականի», - ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ այժմ Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի համար կարևորագույն ժամանակաշրջան է։