Վաշինգտոնը վերադարձրել է ՌԴ Գլխավոր հյուպատոսարանի շենքի հանված դրոշները

Վաշինգտոնը վերադարձրել է Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի դրոշները, որոնք ավելի վաղ հանվել էին շենքի վրայից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։

«Այո, դրոշները վերադարձրել են․ վերադարձվել է նաև մեր գլխավոր հյուպատոսարանի արխիվը։ Այս ամենը, սակայն, ուղեկցվում են մի շարք գործողություններով, որոնք մեզ համար անընդունելի են։ Մենք բազմիցս մեր դժգոհությունն ենք հայտնել ԱՄՆ-ի իշխանություններին։ Խախտվել է արխիվների անձեռնմխելիությունը», - ասել է Ռիբկովը։

Նրա խոսքով՝ ընդունող երկրի իշխանությունների նման վարքագիծը «ոչ այլ ինչ է, քան սադրանք»։  «Նրանք չէին կարող չվերադարձնել խլված դրոշները և արխիվը, սակայն մեծ անհանգստություն է պատճառում այն, ինչ տեղի է ունեցել ավելի վաղ», - շարունակել է ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ ընդծելով, որ ամերիկացիներն այդպիսով ցույց են տալիս, որ պատրաստ են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ հայելային գործողություններին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ամերիկյան իշխանությունների պահանջով փակվել էին Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը և Վաշինգտոնում ռուսական առևտրային ներկայացուցչությունը։ ԱՄՆ-ի իշխանությունները Մոսկվային մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակ էին տվել, որպեսզի ռուս դիանագետները հավաքեին իրենց իրերը և ազատեին գլխավոր հյուպատոսարանի շենքը։ Վաշինգտոնը հայտարարել էր, որ այդ շենքերից հանվել է դիվանագիտական անձեռնմխելիությունը՝ չնայած, որ դրանք առաջվա պես հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության սեփականությունը։

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի իշխանությունները հանել էին Սան Ֆրանցիսկոյի գլխավոր հյուպատոսարանի շենքի վրայի ռուսական դրոշները։ Մոսկվան այս քայլն անընդունելի էր համարել՝ խոստանալով դիմել դատարան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.