Twitter-ն արգելել է RT և Sputnik լրատվականներին գովազդ տեղադրել ցանցում
Twitter ամերիկյան սոցցանցն արգելափակել է այն հաշիվների գովազդները, որոնք պատկանում են ռուսական RT և Sputnik լրատվական գործակալություններին։ Այս մասին ասվում է Twitter-ի հաղորդագրության մեջ։
«Այս որոշումը հիմնված է այն եզրակացության վրա, ըստ որի այս լրատվականները միջամտել են 2016 թ․ ամերիկյան նախագահական ընտրություններին», - նշում է Twitter-ը։
Նշվում է նաև, որ այս քայլը կատարվում է, որպեսզի ապահովվի ցանցի օգտատերերի անվտանգությունը։
Հատկանշական է, որ RT-ն և Sputnik-ը հնարավորություն ունեն մնալ որպես ցացնի օգտատերեր։
Սեպտեմբերին Twitter-ի ներկայացուցիչները մասնակցել են ԱՄՆ Սենատի փակ լսումներին, որի ժամանակ քննարկվել է ռուսական այս գործակալությունների՝ «ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու» հարցը։ Twitter-ի հավաստմամբ՝ 2016 թվականին այս գործակալությունները 274 հազար դոլար են ծախսել գովազդների վրա։
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով Twitter-ի որոշումը, նշել է․ «Խոստովանում եմ՝ ես չէի հավատում, որ Twitter-ը կառավարվում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից։ Ես դա համարում էի դավադրության տեսություն, սակայն դա խոստովանեց հենց Twitter-ը։ Ցավում եմ։ Հատկապես ցավալի է, որ Ռուսաստանում գործող ամերիկյան լրատվականներն այժմ, ամենայն հավանականությամբ, կզգան պատասխան քայլերի ողջ «մեղմությունը»»։