Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 մարդ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական մի քանի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 17 մարդ, որոնց մեծ մասը՝ իրավապահներ։ Այս մասին հայտնում «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մասին։ Նշվում է, որ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենան պայթել է քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ՝ նախագահական նստավայրից 600 մետր հեռավորության վրա։ Պայթյունից հետո ահաբեկիչները կրակ են բացել հյուրանոցի ուղղությամբ։ Րոպեներ անց հաջորդել է մյուս պայթյունը, այս անգամ խորհրդարանի նախկին շենքի մոտակայքում։

Ահաբեկչական գործողությունների այս շարքի համար պատասխանատվություն է ստանձնել «Աշ-Շաբաբ» խմբավորումը։

Սոմալիում հիմնված ծայրահեղական այս խմբավորումն (երիտասարդ մոջահեդների շարժումը, - խմբ․) ակտիվորեն համագործակցում է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ։ «Աշ-Շաբաբը» զինված պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար առաքելություններին։ 2008 թ․ ԱՄՆ-ը «Աշ-Շաբաբն» ընդգրկել է ահաբեկչական խմբավորումների ցանկում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.