Կատալոնիան որպես մարտահրավեր է ընդունում Մադրիդի կողմից նշանակված ընտրությունները․ Պուչդեմոն

Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայում դեկտեմբերի 21-ին նշանակված ընտրություններն ընդունվում են որպես մարտահրավեր։ Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլոս Պուչդեմոնը, որն աշխատանքից հեռացվել էր Մադրիդի որոշմամբ։

«Դեկտեմբերի 21-ին նշանակված ընտրությունները մեզ համար մարտահրավեր է, որը մենք ընդունում ենք», - հայտարարել է Պուչդեմոնը։

Նա նշել է նաև, որ Բրյուսել կատարած այցով ցանկանում է «աշխարհին ցույց տալ ժողովրդավարության այն լուրջ պակասը, որն առկա է Իսպանիայում»։

Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը չի ընդունում պաշտոնական Մադրիդը։ Ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոն քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2,2 միլիոնը, որի ավելի քան 90%-ը կողմ է քվեարկել անկախությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.