Հաջողվել է ոչնչացնել Ռիադի օդանավակայանի վրա ուղարկված բալիստիկ հրթիռը

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգը բալիստիկ հրթիռ է ոչնչացրել մայրաքաղաք Ռիադի հյուսիսաևելքում։ Այս մասին տեղեկացնում է Ալ Արաբիյա հեռուստաալիքը։

Աղբյուրի հավաստմամբ՝ հրթիռը Եմենի տարածքից ուղարկել են տեղի ապստամբ ուժերը։ Նման դեպք տեղի էր ունեցել նաև այս տարվա հուլիսի վերջին, երբ Մեքքայից 69 կիլոմետր հեռավորության վրա հաջողվել էր որսալ Եմենի տարածքից արձակված հրթիռը։

Հարձակումը հաջողվել է ժամանակին կասեցնել։ Բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Ռիադի միջազգային օդանավակայանն այժմ աշխատում է նորմալ ռեժիմով։

«Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքն ավելի վաղ հայտնում էր, որ Եմենի հրթիռային զորքերը հայտարարել էին Ռիադի օդանավակայանը հաջողությամբ խոցելու մասին։  

«Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր թշնամիների մայրաքաղաքները պաշտպանված չեն մեր հրթիռներից», - իր թվիթերյան էջում գրել է Եմենում գործող «Անսար Ալլահ» շարժման առաջնորդ Մոհամմադ Աբեդ ալ Սալամը։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Եմենի կառավարական ուժերը օդային և ցամաքային աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից։ Ի պատասխան՝ ապստամբները հաճախ փորձում են հրթիռակոծել սաուդական սահմանամերձ շրջանները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.