Բելգիայի դատարանը պայմանական ազատ է արձակել Կարլոս Պուչդեմոնին․ Reuters

Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատ է արձակել Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և նրա չորս ուղեկիցներին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դատական լսումները տևել են ավելի քան 10 ժամ։ Պուչդեմոնը և Կատալոնիայի կառավարության նախկին անդամներն ազատ են արձակվել մինչև եվրոպական դատարանի՝ նրանց ձերբակալելու մասին որոշման ընդունումը, որը պահանջել էր Իսպանիայի կառավարությունը։

Ինչպես նշում է Բելգիայի դատախազության ներկայացուցիչը՝ Կատալոնիայի կառավարության նախկին հինգ անդամներին արգելված է լքել պետության (Բելգիայի, - խմբ․) սահմաններն առանց դատարանի թույլտվության։ Նրանք պետք է դատարան ներկայանան 15 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլոս Պուչդեմոնը և կառավարության ևս չորս անդաներ հանձնվել էին Բելգիայի ոստիկանությանը։

Օրեր առաջ Իսպանիայի Ազգային դատական խորհուրդը որոշում էր կայացրել ձերբակալել վերոնշյալ անձանց, որոնք գտնվում են Բելգիայում։

Ավելի վաղ Իսպանիայի դատարանը որոշել էր կալանավորել Կատալոնիայի կառավարության ութ անդամների, այդ թվում՝ ինքնավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասին։ Նրանք մեղադրվում են ապստամբության փորձի մեջ։

Անձամբ Պուչդեմոնը հայտարարել է, որ չի փորձի խուսափել արդարադատությունից։ Նա համարում է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն են և ունեն քաղաքական դրդապատճառներ։

Նշենք, որ նա կարող է դատապարտվել 30 տարվա ազատազրկման։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.