Իսպանիայից Կատալոնիայի անկախացմանը հավատում է բնակչության 15%-ը

Իսպանիայից Կատալոնիայի անկախացումը հնարավոր են համարում ինքնավարության բնակչության ընդամենը 15%-ը։ Այս մասին են վկայում La Vanguardia թերթի պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները։

Ընդ որում՝ հարցվածների 28%-ը ցանկանում է, որ ներկայիս գործընթացն ավարտվի անկախության հռչակմամբ։ Ավելի քան 36%-ը ցանկանում է, որ խնդիրը լուծվի Իսպանիայի կենտրոնական իշխանությունների և Կատալոնիայի կառավարության միջև երկխոսությամբ։ Սակայն սա հավանական է համարում ընդամենը 21%-ը։

Ավելի քան 41%-ը հույս ունի, որ Կատալոնիայի խորհրդարանի՝ դեկտեմբերի 21-ին նշանակված ընտրությունները կարող են օգնել իրավիճակի կարգավորմանը։

Սոցհարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը (68%) կարծում է, որ «անկախություն ձեռք բերելու գործընթացը պառակտում է մտցրել հասարակության մեջ»։ 61%-ը կարծում է, որ Կատալոնիայի անկախության հռչակումը կարող է հանգեցնել Եվրոպական Միության անդամակցության կորստին։

Ավելի քան 42%-ն իրեն համարում է հավասարապես կատալոնացի և իսպանացի։ Իրեն ավելի շատ կատալոնացի, քան իսպանացի է համարում 21%-ը, միայն կատալոնացի 20%-ը, իսկ միայն իսպանացի՝ 5%-ը։

Սոցհարցումն անցկացվել  հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը։ Սոցհարցմանը մասնակցել է 1233 մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.