ԻՊ առաջնորդը կարող է գտնվել սիրիական Բու Քեմալ քաղաքում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքըր ալ-Բաղդադին այս պահին կարող է գտնվել Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող սիրիական Բու Քեմալ քաղաքում։ Այս մասին հայտնում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Սիրիայի Զինված ուժերի մամուլի ծառայությանը։

Աղբյուրը նշում է, որ տեղեկություններ կան ալ-Բաղդադիի՝ Բու Քեմալում գտնվելու մասին, որն ազատագրելու համար պայքարում է սիրիական բանակը։

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչն, իր հերթին, Reuters լրատվականին հայտնել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն ԻՊ առաջնորդի գտնվելու վայրի մասին։

Օրեր առաջ շրջանառվող լուրերի համաձայն՝ ալ-Բաղդադին Իրաքի Ռավա բնակավայրից անցել էր Սիրիա։ Կասկածներ կային, որ նա գնացել է Դեր Զոր։

Հիշեցենք, որ հոկտեմվերի 25-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հրամանով կառավարական ուժերն սկսել էին գրոհել Իսլամական պետության վերջին հենակատերն Իրաքում։ Գործողությանը մասնակցում են Իրաքի դաշնային ոստիկանությունը, բանակի հատուկ նշանակության ջոկատները, արագ արձագանքման ուժերը, ինչպես նաև շիա աշխարհազորայինները։

Նոյեմբերի 3-ին Էլ Քաիմ բնակավայրն արդեն ազատագրվել էր ահաբեկիչներից, իսկ վերջիններս, թողնելով իրենց դիրքերը, տեղափոխվել էին սիրիական Բու Քեմալ բնակավայր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.