Սիրիական բանակն ազատագրել է Բու Քեմալը․ Սերգեյ Շոյգու

Սիրիական բանակը ՌԴ ռազմաօդային ուժերի օգնությամբ Իսլամական պետության ահաբեկիչներից ազատագրել է երկրում նրանց վերջին խոշոր հենակետը համարվող Բու Քեմալ քաղաքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Այժմ Դեր Զորում և Մայադինում ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Այսօր նաև մաքրման աշխատանքներ են սկսվել Բու Քեմալում, որն ԻՊ ահաբեկիչների վերջին կենտրոնն էր Սիրիայում։ Զինյալների մեծ մասը ոչնչացվել է․ նրանց մի մասն անցել են Եփրատը և շարժվում են դեպի հյուսիս։ Հուսով եմ՝ նրանց այնտեղ կդիմավորեն ինչպես հարկն է», - ասել է Շոյգուն։

Նա նաև շնորհավորել է Սիրիայի Զինված ուժերին վերջին օրերի հաջող գործողությունների համար՝ նշելով, որ հաղթանակի գործում մեծ է նաև ռուսական ռազմաօդային ուժերի դերը։

«Հույս ունեմ, որ կհաջողվի ահաբեկիչներին ջախջախել նաև Եփրատի արևելյան ափին՝ երկրի հյուսիսում։ Ամեն դեպքում գրոհները դեռ հաջողությամբ են պսակվում», - ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ խափանվել է նաև զինյալների տեղաշարժն Իրաքի սահմանով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.